ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ձևը դարձավ կուռք, իսկ բովանդակությունը լրիվ կորցրեց իր բովանդակությունը

Ձևը դարձավ կուռք, իսկ բովանդակությունը լրիվ կորցրեց իր բովանդակությունը
17.03.2024 | 06:55

Գիտե՞ք հին սերունդն ինչով է տարբերվում նորից. եթե մի սիրուն տարա ձեռն ընկնի, կյանքում դեն չի նետի։ Ասենք՝ խանութից սիրուն, ձևավոր բանկայով սերկևիլի ջեմ է առել, որ հիմա հազար տեսակի ամանով ծախում են՝ էլ կլոր, էլ քառակուսի, էլ օվալաձև, էլ Մոնա Լիզայի կոնքերով։ Ջեմը կուտի, հետո ամանը կլվանա, կսրբի ու մեջը չորացրած ռեհան կպահի։ Վիսկիի շիշը հո չի՞ գժվել՝ դեն նետի, մեջը տնական խնձորի քացախ կպահի, եթե տնական թթի օղի կամ ժավելի սպիրտ չունենա, իսկ հալած յուղի էն գունավոր պլաստմասայե ամանների մեջ շաքարավազ կամ կարմիր լոբի կպահի։ Բա ափսոս չի՞ դեն նետի էդ սիրուն ամանները։

Ախր, մեզ սիրուն ամաններով երես չեն տվել։ Մեր ժամանակ ուտելիքը համով էր, շատ համով, բայց փաթեթավորումը՝ միշտ անշուք՝ ամեն ինչը նույն տեսակի բանկաների կամ շշերի մեջ կամ էլ հաստ, գորշավուն թղթով փաթաթած, իսկ պիտակները, եթե կային՝ խամրած, անհրապույր։ Ու մեզ թվում էր, որ եթե տարան էլ սիրուն լինի, ուրեմն, միջինը պիտի մի քանի անգամ ավելի համով լինի. բա մարդ անհամ բանը տենց սիրուն ամանի մեջ կլցնի՞, բա ափսոս չի՞։

Հետո կամաց-կամաց աչքներս սովորեց սիրուն-սիրուն ամաններին, փայլուն-մայլուն պիտակներին, իսկ ստամոքսներս սովորեց դրանց անհամ ու անհոտ պարունակությանը։ Ձևը դարձավ կուռք, իսկ բովանդակությունը լրիվ կորցրեց իր բովանդակությունը։ Բայց մենք՝ հին սովորությամբ, մինչև հիմա շարունակում ենք հավաքել էդ սիրուն ամանները, ինչպես սով տեսած մարդը երբեք դեն չի նետում չոր հացի կտորները։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6556

Մեկնաբանություններ